Open Data մրցույթը հաղթեցին Տիգրան Մեծի, Հայաստանի թռչունների և օդի որակի մասին նախագծերը

Հայաստանում երկրորդ անգամ անցկացվող Բաց տվյալների մրցույթն ամփոփվեց Բաց տվյալների օրերի շրջանակներում։ Հաղթողներ ճանաչվեցին հետևյալ նախագծերը․

  • ArmAQI նախագիծը հաղթեց Մշակութային հավելվածների նախագծում, քանի որ այն ձևավորում է օդի աղտոտման մակարդակին հետևելու մշակույթը։ Նախագծի մասնակիցները կամավորներ են, որոնք իրենց տանը, գրասենյակում ու այլ տեղերում տեղադրել են օդի որակի հետևող սարքեր, իսկ դրանց տվյալները հավաքվում են ArmAQI.org կայքում։
  • Տիգրան Մեծի մասին ինտերակտիվ պատմողական նախագիծը դարձավ վիզուալիզացիաների անվանակարգում հաղթողներից մեկը։ Քարտեզների ու տվյալների միջոցով այն պատմում է՝ ինչպես Հայաստանը դարձավ կայսրություն, ինչպես այն հետագայում կորցրեց տարածքներ, և ինչ ազդեցություն ունեցավ Տիգրանի գահակալությունը։ Նախագիծը հասանելի է tigranes-great.netlify.app հասցեով։
  • Birdwatching in Armenia նախագիծը դարձավ վիզուալիզացիայի անվանակարգում հաղթողներից մյուսը։ Հայաստանի թռչուններին դիտել սիրողների համար այն քարտեզագրել է, թե որ թռչուններին որտեղ կարելի է տեսնել Հայաստանում։ Բազայում քարտեզագրված է 2470 տեղանք, որտեղ կարելի է դիտել 359 թռչնատեսակներ։ Նախագիծը հասանելի է birdwatchingarmenia.vercel.app հասցեով։

Մրցույթի մրցանակային ֆոնդը 3000 ԱՄՆ դոլար էր։

06 Մարտի 2025