Ֆիզիկական վիզուալիզացիաներ․ ինչու և ինչպես

Հայաստանում կատարված շինարարության ծավալները պատկերում ներկայացված են փուչիկներով, և դա տվյալների ֆիզիկական վիզուալիզացիա է։

Սրա փոխարեն կարելի էր սարքել սովորական գրաֆիկ՝ սյուներով կամ ձողերով։ Բայց ֆիզիկականները հաճախ ավելի տպավորիչ են լինում։ Իսկ բուն ասելիքից բացի, կարող են ունենալ նաև ենթատեքստ։

Վերևի օրինակում շինարարության ծավալը փուչիկով ներկայացնելը հենց այդ ենթատեքստն է․ ասում է՝ շինարարության ոլորտում, հնարավոր է, տնտեսական փուչիկ է ձևավորվում։

Իսկ ներքևում դրված օրինակի հեղինակը Seung Lee-ն է։ Գործվածքը ցույց է տալիս հեղինակի նորածին որդու քնելու և արթուն լինելու ժամերը։ Իսկ ենթատեքստում երևում են հեղինակի անքուն գիշերները 🙃

Ավելի հաճախ նման վիզուալիզացիաները ցուցադրվում են թեմային բնորոշ ֆիզիկական առարկաներով։ Հաջորդ օրինակում անտառածածկի նվազումը ցուցադրված է կտրված ծառերով։ Վիզուալի հեղինակը Chuhui Wang-ն է։

Մյուսը սոցիալական թեմայով է․ պատառաքաղի ելուստների երկարությամբ ցուցադրվում է, որ ԱՄՆ-ում շատ ավելի առատ են սնվում, քան Բանգլադեշում։ Տվյալներն էլ արտահայտված են կալորիաներով, բայց առանց թվերի, քանի որ դրանց կարիքը այս դեպքում չկա էլ։ Իսկ վիզուալի հեղինակը Nadeem Haidary-ն է։

Այսպիսի վիզուալիզացիաներ սարքելու համար, սակայն, բարդ գիտելիքներ ու բարդ առարկաներ պետք չեն։ Ամենատարածված մեթոդներից են լեգոներն ու գունավոր թղթերը։ Դրանցով կարելի է նաև երեխաներին բացատրել մեծական թեմաներ։

Իսկ այս ամենը գրում ենք այն պատճառով, որ մեր ֆիզիկական վիզուալիզացիաների մրցույթը շարունակվում է։ Դիմեք, ու կարող է հենց Դուք ստանաք ոլորտի համաշխարհային մասնագետներից մեկի գիրքը, որն արդեն մեզ մոտ է:

30 Հունվարի 2025