Ղազանչեցոց եկեղեցու թվային մոդելն ու ԱԲ-ոկալիպսիսը՝ DataFest Tbilisi-ում

Անսպասելի էր տեսնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատկերը DataFest Tbilisi-ի գլխավոր բեմին։ Բայց այդ պատկերը նույնպես տվյալ է՝ մշակութային ժառանգության թվայնացված տվյալ, որը նույնպես կարող է հավաքվել, պահվել, մշակվել, տարածվել և այլն։

Այս դեպքում տվյալը չոր թվից վերածվել է կարևոր հիշողության ու մշակութային ժառանգության պահպանության՝ արխիվացնելով Ղազանչեցոց եկեղեցու մինչպատերազմական տեսքը։ Եվ դա ներկայացվում էր տվյալների շուրջ հավաքված բազմազգ համայնքին։

Խոսնակը Նազելի Տեր-Պետրոսյանն էր, որ ներկայացնում էր, թե ինչպես է տեխնոլոգիան փոխում արվեստը։ Խոսքը ոչ միայն թվանացված մշակութային ժառանգության, այլ ԱԲ տեխնոլոգիայի միջոցով նոր, սինթեիկ արվեստի ստեղծման մասին էր։

DataFest Tbilisi այս տարվա միջոցառումները, բացի մեյնսթրիմ թեմաներից, նաև այսպիսի բովանդակություն ունեին․ կետեր, որտեղ հատվում են տվյալներն ու մշակույթը, տվյալներն ու արվեստը։ Համայնքն ավելի մեծ էր, քան ուղղակի տվյալների մասնագետները։

Տվյալներից արվեստ ստացող Դոմինիկա Չուպկովայի (Dominika Čupková) հավաքածուն կարելի էր ներկայացնել որպես վերաբերմունք մեծ ծավալով հավաքվող տվյալներին, հատկապես անձնական տվյալներին ու դրանց տիրապետող խոշորագույն ընկերություններին։

Բայց իհարկե գլխավոր թեման արհեստական բանականությունն էր։ DataFest Tbilisi-ն դատայից՝ տվյալներից, անցում է կատարում դեպի մեծ ծավալի դատայի կիրառական արդյունքներին՝ ԱԲ համակարգերին ու դրանց կիրառությանը։

Այստեղ արդեն նկատվում էր համայնքում եղած մոտեցումների տարբերությունը։ Լրագրողները համարում էին, որ ԱԲ-ն արդեն հեշտացնում է իրենց կյանքը, բայց կային մասնագետներ, որոնք խոսում էին ԱԲ միջոցով հակաուտոպիստական վտանգների, տվյալների արտահոսքերի ու նմանատիպ խնդիրների մասին։

Լրագրողական համայնքի համար տվյալների ու ԱԲ գործիքների հատման կետում մի քանի կարևոր ձեռքբերումներ ունենք, որոնք ներկայացնում էր Google News Initiative-ic Նատալյա Ժաբան (Natalia Żaba): Գուգլն այս փուլում մի քանի գործիք է տրամադրում լրագրողներին, որոնք բավական արժեքավոր են լուրջ լրագրությամբ զբաղվելու համար․

  • NotebookLM — Տրված ֆայլերի, փաստաթղթերի, ձայնագրությունների, տեսանյութերի վերլուծությամբ կարողանում է վերլուծել ինֆորմացիան, պարզեցնել, ներկայացնել սխեմաներով, պոդկաստներով, տեսանյութերով ու այս ամենը՝ նաև հայերենով։
  • Pinpoint — Տրված փաստաթղթերի վերլուծությամբ կարողանում է առանձնացնել գործող անձանց, վայրերն ու ժամանակահատվածները։ Սա առանձնահատուկ հենց լրագրողների համար մշակված գործիք է՝ հետաքննություններին աջակցելու համար։ Ժաբան էլ խորհուրդ է տալիս անպայման գրանցվել դրա՝ ԱԲ օգնականին հասանելիություն ստանալու համար։

DataFest Tbilisi-ում նաև առաջին ձեռքից ներկայացվեց, թե ԱԲ հրահանգներ (prompt) կազմելիս ինչ ձևաչափից պետք է օգտվել։ Այն է․

  • Persona / Role — ԱԲ-ին հանձնարարել դեր, որ այդ դիտանկյունից նայի,
  • Tasks — տալ կոնկրետ անելիք՝ բարդ գործերը մասնատելով փոքր քայլերի,
  • Audience — ԱԲ-ին բացատրել՝ ինչ լսարանի համար է արդյունքը,
  • Context / Constraints — Տալ կոնտեքստ ու լրացուցիչ ինֆորմացիա,
  • Format — Բացատրել՝ ինչ ծավալի ու ինչ ձևաչափի պատասխան է պետք։

Բացի Գուգլի գործիք-լուծումներից, լրագրողները մտածել են նաև մեթոդ-լուծումներ։

1. Լրագրողները սովորաբար թերֆինանսավորվում են, ինչի հետևանքով չեն հասցնում հիշատակման արժանի բոլոր թեմաներին անդրադառնալ ու լուսաբանել։

Դատաֆեստի ժամանակ Frontstory-ից Անաստասիա Մորոզովան (Anastasiia Morozova) խոսում էր այն մասին, որ ԱԲ գործիքների շնորհիվ մարդկային կրկնվող աշխատանքի մի մասն իր վրա կարող է վերցնել ԱԲ-ն։ Իսկ մարդ-լրագրողների համար դա կլուծի ժամանակի խնդիրը։

2. Լրագրողները սովորաբար կոդավորմամբ չեն զբաղվում, բայց ԱԲ միջոցով վայբ-կոդինգ հո կարող են անել։

Ինֆոքոմի լրագրող Կատյա Մամյանը DataFest Tbilisi-ին ներկայացնում էր, թե ինչպես ԱԲ գործիքների միջոցով գրել Python կոդեր, որոնց միջոցով կարելի է տվյալներ քերել կայքերից ու դրանք օգտագործել հանրային բարիքի՝ լուսաբանման համար։

3. Իսկ Սանդրո Գվինդաձեն (Sandro Gvindadze) պատմում էր, թե ինչպես է BBC-ի համար լուսաբանել Վրաստանի հակակառավարական ցույցերը՝ օգտագործելով կոմիկսներ։ Սրա համար նա նույնպես օգտագործել է ԱԲ գործիքներ, որոնք տեքստը վերածել են վիզուալ պատմության՝ հեշտացնելով դրա ըմբռնումն ու տարածումը։

Բացի այսպիսի գործնական նշանակության լուծումներից, DataFest Tbilisi-ն նաև հրաշալի վայր էր համայնքի շփման, տվյալներով հետաքրքրվողների միջև կապերի ստեղծման ու գաղափարների փոխանակման համար։

Գարիկ Հարությունյան

16 Դեկտեմբերի 2025